Մայիս 28, 1918


mayis-28.jpg

Անդրկովկասեան Սէյմը (հայերի, վրացիների եւ մուսուլման թաթարների խորհրդարանը) Թիֆլիսում 1918 թ. մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունուեց Անդրկովկասեան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետութիւնը լուծարելու վրացի մենշեւիկների առաջարկութիւնը: Նոյն օրը երեկոյեան վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախութիւնը: Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմետական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ազրպէյճանի անկախութիւնը, մի հանրապետութիւն, որը պէտք է ներառէր «Հարաւային եւ Արեւելեան Անդրկովկասը»: Աքթը պաշտօնապէս հռչակուեց յաջորդ օրը, եւ անդրկովկասեան թաթարների կառավարող մարմինը Գեանջան (Գանձակ) ընտրեց ժամանակաւոր մայրաքաղաք, քանի որ Պաքուն դեռեւս մնում էր հայկական եւ բոլշեւիկեան ուժերի համատեղ տիրապետութեան տակ:

Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նիստում վիճաբանութիւն էր գնում, դաշնակցական անդամները բաժանուած էին երկու խմբի. մի մասը դէմ էր Հայաստանի անկախութեան հռչակմանը: Անկախութեան հռչակմանը դէմ էին նաեւ ընկերվար-յեղափոխականները եւ չէզոքները: Հայաստանի մեծ մասը թուրքերը գրաւել էին, եւ Ռուսաստանից անջատուելը լուրջ մտահոգութիւններ էր պատճառում: Երկար վէճերից յետոյ մայիսի 28-ին Հայաստանը հռչակուեց անկախ, իսկ մայիսի 30-ին արուեց պաշտօնական յայտարարութիւն:

Սակայն 1918-ի այդ օրերին հայ ժողովրդի ճակատագիրը առաջին հերթին վճռւում էր ոչ թէ Թիֆլիսում, այլ` Արարատեան դաշտավայրում:

Ծանր ու խռովայոյզ օրերն էին: Թիֆլիսի Ազգային խորհուրդ, առանց Երեւանի Ազգային խորհրդի գիտութեան, Թիֆլիսում հռչակել էր անկախութիւն, եւ Արարատեան փոքրիկ Հայաստանը, Արամ Մանուկեանի հզօր ու արթուն հսկողութեան տակ ապրում էր անստոյգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նաւասարդեանը: Մի բացառիկ երկիր էր` օղակաձեւ շղթայով շրջապատուած իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապուելու, նրան լուր տալու եւ այնտեղից լուր առնելու գրեթէ բոլոր հնարաւորութիւններից: Օղակուած ու շղթայուած թուրք զօրքերով ու թաթար ազգաբնակչութեամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ` մատնուած գալիքի օրհասի ահաւոր սարսափներին:

Սիմոն Վրացեանի բառերով` «անձեւ քաոսի ու աւերակների կոյտ» էր Հայաստանն այդ օրերին: «Ցնծութեան աղաղակներով ու ծափերով չընդունուեց հանրապետութեան ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատւում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հաւատում նրան. անկախութիւն եւ հանրապետութիւն բառերը դնում էին չակերտի մէջ: Եւ այդպէս վարուելու հիմքերը շատ էին զօրաւոր. իրօք որ զարհուրելի էին պայմանները, եւ անկախութիւնն այդ պայմաններում թւում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ` հազիւ 12 հազար քառ. քմ աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկուած ցամաք լեռների մէջ, աշխարհի խուլ անկիւնում, ծանրաբեռնուած գաղթականներով ու որբերով, շրջապատուած ատամ կռճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, աւար ու աւեր, լաց ու թշուառութիւն, կոտորած ու սարսափ: Իսկ միւս կողմը` Էնվերի բանակը յաղթական` համաթուրքական երազներով տոգորուած, որ Հայաստանի վրայով ձգտում էր դէպի Ապշերոն ու Թուրքեստան: Այդպէս էր դրութիւնը Հայաստանում, իսկ Թիֆլիսում տիրում էր կատարեալ շփոթ: Մայիսի 26-ից յետոյ հայ-վրացական յարաբերութիւնները լարուել էին: Վրացիները` արբեցած իրենց անկախութեամբ ու գերմանական հովանաւորութեամբ, թշնամանքով էին նայում «ռուսների պոչից պոկ չեկող» հայերին, որոնք իրենց հերթին վրացիներին համարում էին դաւադիր, դաւաճան», գրում է Վրացեանը:

Իրաւամբ, 1918 թուականի մայիսը, թւում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին օրերն էին: Մասիսի ստուերի տակ հաւաքուած արեւելահայերն ու ցեղասպանութիւնից փրկուած արեւմտահայերի մի հատուած միայնակ էին մնացել օսմանեան մի քանի զօրամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրեանն ու Արաքսը, յարձակւում էին Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր), Բաշ Ապարանի (այժմ` Ապարան) եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմետականները` թուրքերը, թաթարները, քրտերը, եւ 1918 թ. մայիսի կէսերից յետոյ Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատուել էր թշնամիներով:

Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի յարձակումը դէպի Արարատեան դաշտավայր Երեւանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ: Դիմադրութիւնը շատերին թւում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհները դէպի Թիֆլիս ու Պաքու փակ էին, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջեւանը մահմետականների ձեռքում էր: Բաց էին միայն արեւմուտքից ու հիւսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զօրքերը` գրաւելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին: Միակ ելքը դիմադրութիւնն էր ու պատուով մեռնելը:

«Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար», ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիրներից Արամ Մանուկեանը: 1918 թ. վաղ գարնանը Երեւանի ազգաբնակչութիւնն ու զինուորականութիւնը Արամին յայտարարեցին տիքթաթոր եւ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացրին նրա ձեռքում: Իր նրբանկատութեան շնորհիւ` Արամը կարողացաւ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամէնքին: Դրոյի (Դրաստամատ Կանայեան), զօրավարներ Մովսէս Սիլիկեանի ու Դանիէլ բէկ Փիրումեանի, նահանգական կոմիսար Սահակ Թորոսեանի, քաղաքական կուսակցութիւնների եւ կառավարական ու հասարակական մարմինների հետ գործակցելով` նա երեւան բերեց արտակարգ եռանդ եւ, ամենատագնապալի վայրկեանին, ձեռնհասութեամբ վարեց Արարատեան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:

Ալեքսանդրապոլի անկումից յետոյ հայկական զօրքերի մի մասը կռիւներով նահանջել էր Երեւանի ուղղութեամբ եւ մայիսի 19-ին հասել Սարդարապատ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ Ե. Սուրէնեանցը դիմում է հայ ժողովրդին. «Թուրքը` մեր արնախում ոսոխը, նուաճել է Ալեքսանդրապոլը, շարժւում է դէպի սիրտը մեր երկրի, մեր հաւատի` մեր կենսագրութեան, գալիս է Էջմիածնի վրայ: Մեր զօրապետերը Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը եւ ապաստանել Բիւրականում: Ո՛չ եւ ո՛չ, հազա՛ր անգամ ոչ, ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիների աւանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանայ Հայոց առաքելական օճախից, եթէ հայոց զինուորութիւնն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանայ թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթէ ի զօրու չեն փրկելու մեր սրբութիւնները, ապա թող ես նահատակուեմ հէնց այստեղ, շեմի վրայ Մայր Աթոռի, որի գահակալի պատիւը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխօսութեամբ եւ Աստծոյ ողորմածութեամբ»:

Երեւանեան զօրամասի հրամանատար, զօրավար Սիլիկեանը յատուկ կոչով յորդորում է ամէն մի հայ տղամարդու յանուն հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատուի պաշտպանութեան, գործ դնել իր վերջին ճիգը` հարուածելու թշնամուն, որն ուզում է ստրկացնել, ոչնչացնել հայ ժողովրդին:

Մայիսի կէսերին Ալեքսանդրապոլը, ապա մայիսի 24-28-ի երկուստեք կորուստներով ծանր կռիւներում Ղարաքիլիսան գրաւելուց յետոյ թուրքերը շարժուեցին Թիֆլիսի ուղղութեամբ: Ղարաքիլիսայում հայերի պարտութիւնը, սակայն, չվճռեց պատերազմի ելքը: Հայկական զօրամասը մի վերջին ճիգով կարողացաւ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչեւ մայիսի 29-ը յետ քշել Բաշ Ապարանում ու Սարդարապատում: Յաղթանակով ոգեւորուած` հայերն առաջ էին շարժւում դէպի Ալեքսանդրապոլ: Զօրավար Սիլիկեանը մտադիր էր թուրքական զօրքերին հետապնդել մինչեւ Ալեքսանդրապոլ եւ հաւատում էր, որ հայկական ուժերը կը կարողանան երկու օրում յետ վերցնել քաղաքը: Սակայն երբ հայկական զօրքերը մօտենում էին Ալեքսանդրապոլին, զօրավար Թովմաս Նազարբէկեանը Հայկական բանակին կանգ առնելու հրաման տուեց: Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Պաթումում զինադադարի համաձայնութիւն է կայացուել օսմանեան եւ հայկական պատուիրակութիւնների միջեւ:

Երեւանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկւում էր հաշտուել կացութեան հետ եւ ընդունել Պաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղեալ համարել Նազարբէկեանի հեռագիրը, զօրքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկեանին եւ շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացաւ միակամութիւն դրսեւորել, եւ Սիլիկեանին մնում էր ենթարկուել Նազարբէկեանի հրամանին:

Այսպէս, 1918թ. կէսին հայ ժողովրդի բեկորներին թողնուել էր բզկտուած հողի մի փոքր պատառ, որն անուանուեց հանրապետութիւն: Բայց որքան էլ Հայաստանի Հանրապետութիւնը 1918-ի մայիսին խղճալի պետութիւն էր, նրա գոյութեան փաստն ինքնին զարմանահրաշ նուաճում էր: Դա ոչ թէ հանրապետութիւն էր, այլ` անբարեբեր ու մեկուսացուած, ժայռերով ու լեռներով, որբերով ու փախստականներով, տառապանքներով ու թշուառութեամբ լեցուն հողակտոր: Երկիրն անօրինակ ծանր վիճակ էր ապրում: Փոքրիկ Հայաստանը լեփ լեցուն էր գաղթական բազմութիւններով, իսկ եղած միջոցները բաւական չէին` բաւարարելու տեղացիների կենսական պահանջները: Առանց չափազանցութեան` կարելի է ասել, որ համատարած սովն էր իշխում նորաստեղծ պետութեան մէջ: Երեւանի փողոցներում, շուկայում, այգիներում մարդիկ գալարւում էին քաղցից, օրն ի բուն լսւում էին հառաչանքներ, տնքոց-նվոցներ: Աղբանոցներում կմախքացած երեխաներ ուտելու բան էին փնտռում` թաթիկներով կեղտերը փորելով: Համաձայն ականատեսի վկայութեան, անցնում էիր փողոցով` գործի գնալու ժամանակ եւ տեսնում էիր, որ մայթի վրայ` պատի տակ կուչ եկած, ցնցոտիներով ծածկուած կին ու երեխայ ցրտից սրթսրթում էին ու նւում. ձեռք չէին պարզում, ոչինչ չէին ուզում, աչքերիդ առաջ մաս-մաս մեռնում էին սովից:

Ահա այսպիսի պայմաններում ձեւաւորուեց Հայաստանի Հանրապետութիւնը: Հայ ժողովրդի մի հատուած Արարատեան դաշտում կենաց-մահու կռիւ էր տալիս օսմանեան բանակների դէմ, երբ Թիֆլիսում հռչակուեց Հայաստանի Հանրապետութիւնը, իսկ Պաթումում հայ վարիչները այնքան անհրաժեշտ հաշտութիւնը կնքեցին օսմանեան պատուիրակների հետ:

1918թ. յուլիսի 17-ին Ազգային խորհուրդն ու կառավարութիւնը Թիֆլիսից մեկնեցին Երեւան: Սանահին կայարանից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգաւոր: Որոշուեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետութեան փոշոտ ու աղքատ մայրաքաղաք Երեւան: Մեկնողների մէջ էին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին, Խաչատուր Կարճիկեանը, զօրավար Յովհաննէս Հախվերդեանը, Ազգային խորհրդի անդամներ:

Ղազախից պատուիրակութիւնը հասնում է Քարվանսարա (Իջեւան), երեկոյեան` Դիլիջան: Յուլիսի 19-ին պատուիրակութիւնը հասաւ Երեւան: Երեւանի պարէտ Արշաւիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աբովեան պողոտայի սկզբից մինչեւ Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը հասաւ ինքնաշարժով եւ հաղորդեց, թէ կառավարութիւնը գալիս է: Մի քանի րոպէից գլխաւոր պողոտայի անկիւնից երեւաց կառավարական խումբը ինքնաշարժներով: Ես հրամայեցի. «Հանդիսաւոր տողանցք. պատրա՛ստ. հանդա՛րտ. պատուի ա՛ռ»: Եւ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազօրից յիսուն հոգի` մօտեցայ կառավարութեան կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջեւ, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրայ: Ես ասացի. «Ձերդ գերազանցութիւն, որպէս Հայաստանի մայրաքաղաքի զինուորական հրամանատար` ողջունում եմ ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս վայրկեանիս ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս կը հանեմ այն ժամանակ, երբ դուք հրամայէք պաշտպանել մեր աննման հայրենիքը»: Քաջազնունին շատ յուզուած պատասխանեց եւ համարեա զսպում էր իր արտասուքը: Այսպէս եղաւ Հայաստանի առաջին կառավարութեան մուտքը Երեւան»:

Featured Posts