Սպիտակի Երկրաշարժ. Կեանք Մահից Յետոյ
«ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱ»
Հայաստանի պատմութեան մէջ ամենասարսափելի եւ աւերիչ երկրաշարժի օրից անցել է 31 տարի:
Երկրաշարժի պատճառով աւերուեցին` Սպիտակը, Լենինականը (Գիւմրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանաւանը եւ հարիւրաւոր այլ բնակավայրեր: Զոհուեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձաւ, շուրջ կէս միլիոնը մնաց անօթեւան:
Հոգեբան Իրինա Ծատուրեանը խօսել է այն մասին, թէ, արդեօք, կարողացե՞լ են հայերը յաղթահարել աղէտի հոգեբանական հետեւանքները, ինչպէ՞ս է այն ազդել ողջ մնացածների վրայ եւ ինչպէ՞ս յաղթահարել յետցնցումային ախտանիշը:
«Նովոստի-Արմենիա» գործակալութիւնը ներկայացնում է նաեւ Սպիտակի երկրաշարժի հետ կապուած տասը կարեւորագոյն փաստեր:
Փորձանքը մենակ չի գալիս
Սարսափելի աղէտը վրայ հասաւ այն ժամանակ, երբ մեր երկիրն արդէն ընդունում էր Ազրպէյճանից եկած առաջին փախստականներին (որոնք փրկուել էին հայկական ջարդերից, խմբ): Երկրաշարժի հետեւանքներն այնքան սարսափելի էին, որ մինչեւ հիմա զգացւում են», ասաց Ծատուրեանը:
Նրա խօսքով, հէնց երկրաշարժից յետոյ Հայաստանի բնակչութեան մօտ սկսեցին արտայայտուել վախեր, սթրեսի հանդէպ անկայունութիւն: Այդ ամէնն էլ աւելի խորացաւ ղարաբաղեան պատերազմի, շրջափակման եւ դրանից առաջացած ծանր տնտեսական իրավիճակի պատճառով, ինչն իր հերթին յանգեցրեց աղէտի գօտուց զանգուածային արտագաղթի:
«Այս ամէնի պատճառով աղէտի գօտու բնակիչների մի ամբողջ սերունդ մեծացաւ ոչ լիարժէք ընտանիքներում, ինչն իր հետքը թողեց մարդկանց վրայ», ասաց Ծատուրեանը:
Հայկական ոգին անկոտրում է
Հայերը փարատոքսային ազգ են, որը կարողանում է յարմարուել ցանկացած պայմանների եւ հանգամանքների ու առաջ շարժուել: Հայերը հերթական անգամ հասկացան, որ կարող են համախմբուել», ասաց Ծատուրեանը:
Նա յիշեց, որ հազուադէպ չեն եղել այն դէպքերը, երբ երկրաշարժի ժամանակ սեփական երեխաներին կորցրած մայրերը կրկին ծննդաբերել են` չնայած տարիքին եւ առողջական վիճակին: Երկրաշարժից յետոյ բոլորը հասկացան, որ չի կարելի մտածել միայն սեփական անձի, բարեկեցութան մասին:
«Հայերը հազարամեակներ տեւող պատմութեան ընթացքում սովորել են յաղթահարել տարբեր դժուարութիւններ, աղէտներ, եւ չնայած այդ ամէնն ընդմիշտ մնում է ծինային յիշողութեան մէջ, մենք, ամէն դէպքում, գոյատեւում ենք», նշեց Ծատուրեանը:
Մենք բոլորս պարտական ենք աղէտի գօտուն
«Չնայած ձեռք բերած փորձին` Հայաստանը ճիշդ զրայանգումներ չարեց: Մենք պէտք չէ յիշենք աղէտի գօտու մասին միայն տարելիցի օրը: Պէտք է յիշել բազմաթիւ հաշմանդամների մասին, որոնց կեանքը շատ բարդ է անբարենպաստ Հայաստանում», նշեց Ծատուրեանը:
Նրա խօսքով, դա, առաջին հերթին, մեզ է անհրաժեշտ, քանի որ ինչ-որ մէկի մասին հոգ տանելը, կարեկցանքը մեզ դարձնում են աւելի լաւը, աւելի բարի եւ գթասիրտ:
Կեանքը շարունակւում է…
Հոգեբանը նշել է այն խորհուրդները, որոնք կ՛օգնեն աստիճանաբար յաղթահարել յետցնցումային ախտանիշը, որն առաջացել է երկրաշարժի պատճառով:
«Անհնար է անդադար միայն սգալ, հարկաւոր է նաեւ գործել: Օրինակ` այցելել աղէտի գօտի, ինչ-որ բան հաւաքել կարիքաւորների համար, կազմակերպել մշակութային կամ այլ ծրագրեր», նշեց Ծատուրեանը:
Տասը փաստ` Սպիտակի երկրաշարժի մասին
– Երկրաշարժից յետոյ ոչ մի երեխայ չյայտնուեց մանկատանը, իւրաքանչիւր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբերին:
– Սպիտակն աւերուեց 30 վայրկեանում (երկվայրկեան, Խմբ.): Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը:
– Երկրաշարժի կենտրոնը Սպիտակ քաղաքն էր, երկրաշարժի ուժգնութիւնը կազմում էր 10 պալ, Լենինականում` 9 պալ, Կիրովականում` 8 պալ: Երկրաշարժից առաջացած ալիքը պտոյտ է գործել ողջ երկրագնդով մէկ, ցնցումներն գրանցուել անգամ Ասիայում, Ամերիկայում եւ Աւստրալիայում:
– Աւերիչ երկրաշարժից մի քանի օր առաջ գրանցուել էին ցնցումներ: Տեղական իշխանութիւնները չէին կարեւորել դրանք, չէ՞ որ հաշուի առնելով քաղաքի տեղանքը` նման իրադարձութիւնները հազուադէպ չեն:
– Հազարաւոր հայեր օգնութեան հասան տուժածներին: Սարքաւորումների եւ անգամ գործիքների բացակայութեան պայմաններում մարդիկ օր ու գիշեր ձեռքով մաքրում էին փլատակները:
– 1988 թ.-ի ձմեռը չափազանց ցրտաշունչ էր: Օդի ջերմաստիճանը կազմում էր զերոյից ցածր 35 աստիճան: Եւ անգամ նրանք, որոնց յաջողուել էր փրկուել երկրաշարժից, յայտնուեցին մահուան եզրին` մնալով անօթեւան:
– Ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնաւուրը ստեղծեց «Ազնաւուրը Հայաստանի համար» հիմնադրամը` միջոցներ հաւաքելով պատմական հայրենիքին օգնելու համար:
– Ողջ աշխարհը համախմբուեց` Հայաստանին օգնելու համար: Տարբեր երկրներից գալիս էին փրկարարներ, աւելի քան հարիւր երկրներ ուղարկեցին մարդասիրական օգնութիւն:
– Երկրաշարժից յետոյ առաջին օրերին Հայաստանում կործանուեց փրկարարներ եւ մարդասիրական օգնութիւն տեղափոխող երկու ինքնաթիռ:
– Մասնագէտների հաշուարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղեւի ճեղքման գօտում ազատուած ուժը հաւասարազօր էր տասը հիւլէական ռումբերի հզօրութեան:
Թիւեր Եւ Տուեալներ
Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցաւ 7 դեկտեմբեր 1988-ին, առաւօտեան ժամը 11:41-ին, Հայաստանի հիւսիս-արեւմուտքը: Անիկա դարձաւ երկրի նորագոյն պատմութեան ամէնէն սարսափելի աղէտներէն մէկը
Երկրաշարժի ուժգնութիւնը
– Սպիտակ – 10 պալ – Լենինական (Գիւմրի) – 9 պալ – Կիրովական (Վանաձոր) – 8 պալ
Ամբողջովին աւերուած է շուրջ 17 հազար բնակիչ ունեցող Սպիտակ քաղաքը եւ 58 գիւղ: Քանդուած է Գիւմրիին 80 առ հարիւրը:
– Զոհուած է 25.000 հոգի – Հաշմանդամ դարձած է 140.000 հոգի – Անտուն մնացած է 500.000 հոգի – Աղէտի գօտիին մէջ յայտնուած է 970.000 հոգի
Քանդուած կամ կիսաւեր եղած է
– 210 հազար աշակերտի դպրոց – 42 հազար մանուկի մանկապարտէզ – 416 առողջապահական հաստատութիւն – 2 թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 շարժապատկերի սրահ, 349 ակումբ եւ մշակութային տուն – 230 արդիւնաբերական ձեռնարկութիւն ղի ունեցաւ 7 դեկտեմբեր 1988-ին, առաւօտեան ժամը 11:41-ին, Հայաստանի հիւսիս-արեւմուտքը:
Comments